serun
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Periodicals
Նվիրվում է հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարարի» լույս ընծայման 220 ամյակին (1794-2014թթ.) և հայ խմբագիրներին։

«Ո՜րչափ ատեն է՝ որ ազգային լրագրաց անգին թերթերը թերևս գրատանց մութ անկիւնները փոշւոյ տակ թաղեալ կը սպասեն՝ որ արդի գրականութեան սիրովը վառեալ գրիչ մը հանէ զիրենք մոռացութեան անյատակ անդունդէն: Թերեւս քանի քանի անգամ մեծանեծ յոյսերով սնան՝ երբ կարծեցին թէ Հայոց Մատենագրութեան հետամուտ եղողները կը մօտենան իրենց ալ, եւ կը քննեն հիմնովին, սակայն ի զուր եւ ընդ վայր: Հայոց Մատենագրութեան այն էջերն ալ՝ որ ուրիշ կողմանէ կրնան կատարեալ կոչվիլ եւ մեծամեծ քրտանց արդիւնք համարուիլ, լրագրութեան մասին չեն այնպէս ամբողջական, եւ հետաքրքիր ընթերցողի մը յագուրդ չեն տար »
Գալէմքեարեան Գրիգորիս

Հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը», լույս է տեսել 1794-96թթ. Մադրասում /Հնդկաստան/ Հարություն Շմավոնյանի ջանքերով։ Տպագրվել է 18 համար /տետրակ/ յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ։ Հետագա տասնամյակներին թերթեր ու հանդեսներ են հրատարակվել աշխարհի հայահոծ վայրերի հայկական տպարաններում՝ Վենետիկում 1799թ. «Տարեգրությունը», Մոսկվայում՝ 1829թ. «Մուզայք Արարատյանը», Զմյուռնիայում՝ 1830թ. «Ազգասէրը», Թիֆլիսում՝ 1846թ. «Կովկասը», Վիեննայում՝ 1847թ. «Եվրոպան», Փարիզում՝ 1855թ. «Արևելքը», Թեոդոսիայում՝ 1859թ. «Մասյաց աղավնին», Մանչեստրում՝ 1863թ. «Երկրագունդը» և այլն։ Ամենաերկարակյաց հայկական պարբերականը «Բազմավեպն» է /1843թ.-ից մինչ օրս/։ Արևելահայ առաջին պարբերականը «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթն է /1816թ. Աստրախան/: Հայաստանի Հանրապետության տարածքում հրատարակված առաջին պարբերականը Էջմիածնի «Արարատ» հանդեսն է /1868-1919/: Երևանի առաջին պարբերականը «Պսակ» լրագիրն է /1880թ./, Շուշիինը՝ «Հայկական աշխարհ» հանդեսը /1874թ./։
«Հայկական պարբերականներ» համահավաք գրացուցակը ներառում է 1794 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր ծագերում հրատարակված հայատառ պարբերականները: Գրացուցակում գրառված են նաև էլեկտրոնային, այլալեզու, ինչպես նաև երկլեզվյան ու բազմալեզվյան մամուլի այն անվանումները, որոնց բնագրի լեզուներից մեկը հայերենն է։ Պարբերականների մատենագիտական գրառումները կատարվել են Հայաստանի ազգային և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանների հավաքածուների հիմքի վրա:
Որոշ դեպքերում աղյուսակում համարի տակ գրվում է թվային պատճենները տրամադրողների հապավված անունները: «Կարդալ առցանց» հղման ներքո հասանելի են համարները՝ թվային ձևաչափով։ Հապավումներն են`

  • Մ՝ Երևանի Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
  • ԳԱԹ՝ Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարան:
  • ՍԷՄ` - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան:
  • ՎՄՄ՝ Վիեննայի Մխիթարյան միաբանություն:
  • ՍՂՄ՝ Սուրբ Ղազար վանքի (Վենետիկ) մատենադարան:
  • ԵԿՄ՝ Երուսաղեմի Կյուլպենկյան մատենադարան:
  • ԿԿՄ`Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Մատենադարան, Անթիլիաս, Լիբանան:
  • ՀՑԹԻ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
  • ՌԱԳ` Ռուսաստանի ազգային գրադարան:
  • ՓԵԳ` Փարիզի Մայր եկեղեցու գրադարան:
  • ՀԱՀ՝ Հայ ազգային հիմնադրամ (Կահիրե):
  • ՀՀՀ՝ Հայկազեան Հայագիտական Հանդէսի խմբագրութիւն:
  • ԳԲԳ` Հանրապետական գիտաբժշկական գրադարան:
  • ՆԳԿՀ` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ:
  • ՊՊՕՄ` Պոլսոյ Պատրիարքութեան Օրմանեան Մատենադարան:
  • ՍՊ` Սուրեն Պայրամյան, մշակութային-հասարակական գործիչ, Եգիպտոս:
  • ARAM` Association pour la Recherche et l'Archivage de la Mémoire Arménienne:
  • ԱՊ` «Ասպարեզ»:
  • ՄՄ՝ Միհրան Մինասյան:
  • HU-ADRC - Haigazian University Armenian Diaspora Research Center.

Պարբերականները ըստ թեմատիկ խորագրերի բաժանված են՝ թերթ, ամսագիր, տարեգիր, էլ. թերթ, էլ. ամսագիր։

Շտեմարանը տրամադրում է նաև հարուստ վիճակագրական տվյալներ։ Այսպես․ բացվող ընտրացանկից ընտրելով Խորագիր (Subject) դաշտը և փնտրման պատուհանում նշելով երկրի կամ քաղաքի անունը՝ կստանաք ճշգրիտ տվյալներ, թե քանի անուն պարբերական է տպագրվել այդ վայրում, և առցանց այդ պարբերականները ընթերցելու հնարավորություն կունենաք։ Կարելի է նաև ստանալ տվյալներ թե քանի թերթ կամ ամսագիր է տպագրվել։ Իսկ որպես խորագիր նշելով հայատառ թուրքերեն արտահայտությունը՝ կիմանաք, թե քանի հայատառ թուրքերեն պարբերական է տպագրվել։ Նմանատիպ որոնում կարելի է իրականացնել խմորատիպ հրատարակությունների համար։ Տեղափոխվելով «Խորացված փնտրում» (Advanced Search) աշխատակարգ՝ կարելի է որոնման այս բոլոր հնարքները համադրել մեկ փնտրման մեջ։

«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐ» շտեմարանում տեղադրված նյութերը կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով՝ պարտադիր հղում կատարելով Հայաստանի ազգային գրադարանի www.nla.am կայքին:


Հայաստանի Ազգային Գրադարան
ՀՀ, 0009,Երեւան, Տերյան 72
Հեռ. +37460 623513 |+37460 623515 |Ֆաքս +37410 529711
Հետադարձ կապ

Languages: 
Powered by Koha